Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ աշխատանքից ազատված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանն աշխատանքի է անցել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման հիմնադրամում՝ որպես տնօրեն՝ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարը գոհ է Արմեն Աբրահամյանի աշխատանքից: «Պարոն Աբրահամյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատող է, մարդ, որ մեծ ներդում ունի այդ ոլորտում»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ ՍԱՊԾ պետն օգնել է նախարարությանը այն աշխատանքների իրականացման գործում, որի արդյունքները տեսանելի են՝ «Կենսաթոշակային համակարգի նոր տեղեկատվական շտեմարանի ներդրման, բազաների ձևավորման, ցուցակների մաքրման և այլ աշխատանքներում»,- նշեց Արտեմ Ասատրյանը:
Նախարարը կարծում է, որ Արմեն Աբրահամյանն իր ներուժն ամբողջությամբ ներդնելով շատ օգտակար կլինի նոր պաշտոնում: